Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանն այսուհետ կկարողանա տեսակցել հարազատների հետ: Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նրա պաշտպանի՝ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը հանելու միջնորդությունը: Նշենք, որ նախորդ դատական նիստին Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել եւ այսօր նա չի մասնակցում նիստին:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան էր ներգրավվել հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին, սակայն,  Մարինե Թովմասյանը հայտարարեց, որ չի կարող իրականացնել նրանց պաշտպանությունը, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն եւ Ներսես Պողոսյանը հրաժարվել են նրա ծառայություններից: Դատական դահլիճում գտնվողները հայտարարությունն ընդունեցին ծափահարություններով:

Հանրային պաշտպանը միջնորդեց սանկցիայի որոշումը վերանայել, Սեֆիլյանին ու Պողոսյանին դատական նիստերի դահլիճ բերել, հակառակ դեպքում ինքը զրկված է լինելու որեւէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Դատավորը մերժեց միջնորդությունը:

Դատավորը նաեւ մերժեց ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու մասին, որից հետո դատական նիստերի դահլիճում գտնվողները լքեցին դահլիճը՝ բոյկոտելով նիստը:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստի նախապատրաստական փուլն այսօր ավարտվեց եւ մեկնարկեց դատաքննությունը:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը:

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: