Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշը եղել է այդ մարզի համայնքապետերի աշխատանքը: Վարչապետն անդրադարձել է համայնքների բյուջեի ձեւավորմանը եւ նշել, որ Հայաստանում ամենավատ եկամուտները Գեղարքունիքի մարզում է եղել:

«Մենք այս տարի մեր պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու ենք, բայց հատուկ նշելու ենք մեր համայնքապետերին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում: 2018թ. ֆինանսավորման խաղի կանոնների մեջ մտադրված ենք նշել հետեւյալը՝ նախ 2018թ. բյուջեի պլանավորումը շատ կոշտ կանտրոլի տակ ենք դնելու, որովհետեւ մենք ուզում ենք հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք մեր համայնքապետերի իրավունքները, որ իրենք ընտրված ղեկավարներն են այդ համայնքների: Բայց դա չի նշանակում, որ իրենք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է ապրեն, մենք՝ այլ ռեժիմով: Այս մասով ֆիքսում ենք, որ ձեր բյուջեները մի բառով լավը չեն, ավելին՝ շատ վատն են, ավելին՝ ավելի վատն են: Երկրում ամենավատ սեփական եկամուտները Գեղարքունիքի մարզում է»,-ասել է նա: