45 ամյա Ալվինա Մելքոնյանն իր երեք անչափահաս աղջիկների եւ ամուսնու հետ բնակվում է Հրազդան քաղաքում: Ալվինայենց ընտանիքը ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում: NEWS.am-ի հետ զրույցում Ալվինան նշեց, որ երեխաներին դպրոց ճանապարհելու համաչ ոչինչ չի գնել, քանի որ գումար չունի.

« Ես ու ամուսինս չենք աշխատում, ամուսինս ստամոքսի եւ թոքերի հետ կապված խնդիր ունի, մի քանի անգամ վիրահատվել է ու ֆիզիկական աշխատանք չի կարողանում անել, սրան նրան որ օգնելու բան է լինում, գնում օգնումա, որ երկու կոպեկ բերի, ես էլ աշխատանք չունեմ, բոստան եմ անում, հավ եմ պահում, որ գոնե ծերը ծերին հասցնենք, էն էլ չենք հասցնում: Սեպտեմբերնա գալիս, երեք աղջիկ ունեմ, բայց ոչ մի բան չեմ կարողացել գնել, մենակ, քանի որ մեծ աղջիկս ավարտականա, պարտքով գնացել ենք շոր ենք առել, որ էրեխես հետ չընկնի, բայց էն երկու աղջիկներս ոչինչ չունեն դպրոց գնալու համար»,-պատմեց Ալվինան:

Ալվինայի ընտանիքն իր գոյությունը պահպանում է միայն 34 000 դրամ նպաստով, դրանով հասցնում է գնել միայն ալյուր,բուսական յուղ, մանր-մունր սնունդ, մի մասն էլ պարտքով վերցնում է խանութներից: Մնացածով էլ կոմունալներն է վճարում: Ալվինայենց բնակարանային պայմաններ շատ վատ են՝ մեղմ ասած, անմարդկային:

«Որ անձրեւները սկսվում է, մեր տան մեջ իսկական հեղեղ է, ձմեռն էլ ամբողջ օրը տան ձյունն եմ մաքրում, որ չընկնեն, ոչ մի պայման չունենք ու սենց անհույս էլ ապրում ենք: Նույնիսկ տելեվիզորին պիտի խնդրենք, որ աշխատի: Մենք հեչ, ուղղակի նեղվում եմ, որ էրեխեքս դպրոց պիտի գնան, բայց նոր շորեր ու կոշիկներ չունեն»,-նշեց Ալվինան:

Ի դեպ, Ալվինայի երեք աղջիկներն էլ կենսուրախ են, դժվարությունները նրանց չի հիասթափեցնում, շատ երազանքներ էլ չունեն. «Դե շոր, կոշիկ, գրենական պիտույքներ չունենք էլի, որ դպրոց գնանք, բայց ոչինչ: Մենք ամենից շատ ուզում ենք, որ մի լավ բան լինի, որ մաման, պապան մի քիչ հանգիստ ապրեն, մենք ուզում ենք նենց մարդիկ դառնանք, որ կարողանանք աշխատենք ու իրենք ոչ մի բանի կարիք չունենան», -ասում է աղջիկներից մեծը՝ Նելլին, ով այս տարի ավարտելու է դպրոցը:

Այս ընտանիքում մեծանում են երեք աղջիկներ՝ 15, 13 եւ 8 տարեկան:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098965938 հեռախոսահամարով:

Ինգա Հայրիյան