Բորժոմիի անտառի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռներից մեկն ընկել է ջուրը, հաղորդում է Aliq.ge-ն։

Ըստ տարածված տեղեկատվության՝ «Մի-8» վրացական ուղղաթիռն ընկել է ջուր հավաքելու գործընթացում: Ուղղաթիռի անձնակազմի անդամներին տեղափոխել են Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանդանոց:

Արտակարգ իրավիճակների ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ ուղղաթիռի անձնակազմի անդամները ծանր վնասվածքներ չեն ստացել:

Դեպքի վայրում են կենտրոնացվել արտակարգ շտաբի համապատասխան խմբեր:

Տեղում է նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ով ծանոթանալով իրավիճակին՝ ավելի ուշ մեկնաբանություն կանի:

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Բորժոիմում բռնկված եւ գրեթե մեկ շաբաթ շարունակված հրդեհն այս պահին մարված է:
Հրդեհը բռկվել էր օգոստոսի 20-ին, սկզբում այն հաջողվել էր մարել, սակայն ավելի ուշ կրակի օջախները նորից տարածվել էին՝ սաստիկ քամու պատճառով: