Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` օգոստոսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց գործով վկա, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ դեպքի օրը` 2015թ. հունվարի 28-ին, դաս սովորելու նպատակով գիշերն արթնացել է: Դաս սովորելու ընթացքում իր հետ եղել է նաեւ ամբաստանյալներից Նորիկ Սահակյանը: Վկան նշեց, որ այդ ընթացքում գիշերը լվացարանից դուրս գալիս Նորիկ Սահակյանին ու Մովսես Ազարյանին է տեսել, Գնել Թեւոսյանն ու Վաչե Սահակյանն էլ Հայկազ Բարսեղյանի ուսերին ընկած աստիճաններից ներքեւ իջնելիս են եղել:

«Գնելի ու Վաչեի ուսին ընկած էր Հայկազը, գլխարկ ուներ, զինվորական համազգեստ էր հագած, այլ մանրամասներ չեմ հիշում: Հետո Վաչեն ու Նորիկն էլ նրանց հետ իջան ներքեւ: Հայկազի գլուխը կախ էր»,-ասաց նա:

Վկայի խոսքով, առավոտյան, երբ Հայկազ Բարսեղյանին կախված են հայտնաբերել, ամբողջ գումարտակը խուճապի մեջ է եղել: Հովիկ Հովհաննիսյանի խոսքով, Գնել Թեւոսյանի հետ այդ առավոտյան ինքը գնացել է եւ հանդիպել նրա հորը` Զարմիկ Մարկոսյանին, որին Գնել Թեւոսյանն ինչ-որ բան է փոխանցել. «Խոսակցություն չեմ հիշում, միայն հիշում եմ, որ ինչ-որ ցելոֆան փոխանցեց, թե ինչ կար մեջը չգիտեմ»:

Մեղադրողը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկա Հովիկ Հովհաննիսյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները: Դատարանն այն բավարարեց: Ըստ նախաքննական ցուցմունքի` դեպքի օրը նա դաս անելիս է եղել եւ աստիճաններից արագ քայլելու ոտնաձայներ են լսել, ինքն ու կուրսանտներից Արթուր Կարապետյանը նայել են եւ տեսել, որ զինծառայողներից մեկը վազելով իջնում է ներքեւ: Նայել են, սակայն, չեն ճանաչել, թե ով է, քանի որ սպորտային շորերով է եղել:

Քիչ անց կրկին ձայն են լսել եւ տեսել են, թե ինչպես են ամբաստանյալները Հայկազի ուսերին ընկած իջեցնում ներքեւ: «Հայկազն ուշագնաց էր, աչքերը փակ վիճակում: Հայկազի գլխին կար սպորտային գլխարկ, սպորտային կոշիկներ, զինվորական հագուստ: Հայկազին դուրս են տարել, մտածեցի, որ երեւի ուշագնաց է եղել եւ նրան տանում են բուժկետ ու գնացի քնելու: Առավոտյան Հայկազին պտտաձողից կախված գտան, այսինքն ` կախել են նրան, քանի որ նա չէր կարող ուշագնաց վիճակում կախվել»,-ասել է նա:

Վկան պատմել է, թե Հայկազին կախված գտնելուց հետո էլ ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանն է մոտեցել հավաքվածներին եւ ասել` «Ասել եմ եւ էլի եմ ասում` ով բան գիտի ու խոսել է, ես նրա…»: Վկան նաեւ քննիչին տեղեկացրել է, որ Նորիկ Սահակյանի հայր ներկայացած տղամարդը գնացել է իրենց տուն եւ ասել. «Հովիկին ասեք, թող ցուցմունքը փոխի, թե չէ տղես կդատվի»:

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի եւ ամբաստանյալներից Նորիկ Սահակյանի մոր միջեւ դատական նիստի ընդմիջման ժամանակ ընդհարում է տեղի ունեցել: Արկադի Բարսեղյանը դատարանին պարզաբանեց, որ Նորիկ Սահակյանի մայրը վկա Հովիկ Հովհաննիսյանի վրա ճնշում է գոծադրել, ինքն էլ փորձել է միջամտել եւ ընդհարում է տեղի ունեցել նրանց միջեւ: «Ասի` ամուսնուդ ես ուղարկում նրանց տուն, որ նախաքննական ցուցմունքը հետ վերցնի, հիմա էլ ճնշում ես գործադրում նրա վրա, հայհոյեց ինձ կին լինելով, մի երկու հատ էլ թքել եմ վրեն»,-ասաց նա:

Դատարանի հարցին` արդյոք որեւէ մեկը ճնշում է գործադրե՞լ վկա Հովիկ Հովհաննիսյանի վրա, վկան պատասխանեց. «Մայրը մոտեցավ, ոստիկաններն ինձ հեռացրին, չհասցրեց որեւէ բան ասել»: Դատարանը հորդորեց կողմերին դատական նիստերի դահլիճից դուրս իրենց զուսպ պահել եւ միջադեպեր չհրահրել, այլապես պատասխանատվության կենթարկվեն:

Գործով մյուս վկաները այսօրվա նիստին չէին ներկայացել դատարան` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից գրություն էր ուղարկվել, որ վկաները արձակուրդի մեջ են գտնվում:

Նշենք, որ այս գործով այսօր նոր դատախազ ներգրավվեց` Վիգեն Հարությունյանը: Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: