Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանության գործով այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը:
Երբ ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հարց էր տալիս տուժողի իրավահաջորդին այն մասին, թե ինչ բութ գործիքով են իր որդուն հարվածել, Էմմա Աբրահամյանը չցանկացավ պատասխանել, նախագահող դատավորն էլ հանեց հարցը: Լիպարիտ Սիմոնյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանին` նշելով, որ նա ակնհայտ պաշտպանում է տուժող կողմին:
«Հարգելի դատարան, տենց զզվելի դեմքով մի նայեք դեմքիս: Ես ինքնաբացարկի միջնորդություն ունեմ ձեզ, գտնում եմ, որ ձեր գործողությունները ցույց են տալիս, որ ի օգուտ տուժող կողմի եք շահագրգռված եւ հանում եք այն հարցերը, որոնք ձեզ պետք չեն: Բազմիցս եմ տեսել, թե ինչպես են տուժողները մտնում ձեր աշխատասենյակ: Այս հիմքով կարծում եմ, որ իմ միջնորդությունը պետք է ընդունեք»:
Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությանը միացան նաեւ պաշտպանական կողմի մյուս փաստաբանները:
Փառանձեմ Մեյթիխանյանն էլնշեց. «Ես չեմ հանդուրժի, որ այս կինն էլ այստեղ մահանա իրենց տված հարցրի պատճառով: Փաստաբանները մեր ներվերի վրա են խաղում, այնպիսի հարցեր են տալիս, որ այս կինը չի կարող հանդուրժել: Իսկ այն մեղադրանքները, թե մենք Ձեր առանձնասենյակ ենք մտնում, ակնհայտ սուտ է: Առարկում եմ այդ միջնորդությանը»:
Տուժողի իրավահաջորդն ու նեկայացուցիչը եւս առարկեցին դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությանը:
Մեղադրողն էլ նշեց. «Լիպարիտ Սիմոնյանի կողմից նեղացկողտություն եմ նկատում, տարակուսած եմ նրա միջնորդությունից: Առարկում եմ»:
Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 77–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:











