ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ եւ անձնագիր գողացած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 15-ին՝ժամը 03:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով մուտք է գործել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկ եւ հափշտակել քաղաքացու զգալի չափի արժողության հեծանիվը եւ անձնագիրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միջին տարիքի մի տղամարդ հեծանիվը վարելով, ապա՝ հրելով հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: