Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի, դաժան սպանության գործով այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը:
Լիպարիտ Սիմոնյանը երբ հարցնում էր տուժողի իրավահաջորդին, թե ինչ բութ գործիքով են իր որդու քունքին հարվածել, Էմմա Աբրահամյանը չցանկացավ պատասխանել, նախագահող դատավորն էլ հանեց հարցը: Լիպարիտ Սիմոնյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանին` նշելով, որ նա ակնհայտ պաշտպանում է տուժող կողմին: Նա նեւ ավելացրեց, որ տեսել է, թե ինչպես է տուժող կողմը մտնում դատավորի գրասենյակ: Նրա միջնորդությանը միացել էին նաեւ ամբաստանյալների մյուս պաշտպանները:
Հիշեցնենք, որ Մեյթիխանյանի ամուսնուն ծեծելով սպանել են 77–ամյա մոր աչքի առաջ։ Վեճը, ըստ նախնական տվյալի, առաջացել է մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:











