Երեւանի «Մալաթիա» տոնավաճառում սեպտեմբերի 1-ի նախօրեին առեւտրականները չեն կարողացել վաճառել դպրոցական հագուստի եւ գրենական պիտույքների տեսականին: Տոնավաճառի աշխատակիցներից Անուշ Դավիթավյանը նշում է՝ դպրոցական հագուստը, որը Թուրքիայից բերել էր վաճառելու, այդպես էլ կախված  է մնացել:

«Նախորդ տարիների համեմատ վիճակը շատ վատ է, ծնողների ֆինանսական վիճակն էլ է շատ վատ: Գալիս են, ուզում են, որ երեխաների համար մի բան առնեն, բայց չունեն գումար, չեն կարողանում գնել: Անցած տարիների համեմատ էսքան հագուստ չէր մնացել էս ժամանակ, հիմնականում վաճառել էինք»,-ասում է նա:

Նրա խոսքով, դպրոցական վերնաշապիկը վաճառվում է 4-10 հազար դրամ, սակայն, շատ դեպքերում ստիպված է լինում էժանացնել անգամ 4000 դրամանոց վերնաշապիկը՝ մտնելով ծնողների ծանր դրության մեջ: Տիկին Անուշը առանձնացրել է նաեւ փողկապեր, կիսաշրջազգեստներ եւ ժապավեններ՝ նվիրելու այն երեխաներին, որոնց ծնողները գալով տոնավաճառ, ի վիճակի չեն լինում որեւէ բան գնել. «Շատ անգամ էժանացնում եմ ապրանքը, անգամ նվերներ եմ տալիս այն ծնողներին, որոնք շատ վատ վիճակում են, երեխեքը չունեն եւ նվիրում եմ, որ ծնողները վատ չզգան իրենց»:

Ծնողների մեծ մասը սեպտեմբերի մեկյան առեւտուրը թողել են վերջին օրվա՝ հույս ունենալով, այն հագուսը կէժանանա: Տիկին Սաթենիկը վաղը դպրոց է ճանապարհելու իր երկու երեխաներին, այօր նրանց հետ եկել է տոնավաճառ՝ գնելու նրանց համար ամենանհրաժեշտը՝ վերնաշապիկ եւ կոշիկ. «Նախատեսել եմ մոտավորապես 50 հազար դրամ երկուսի համար, վերնաշապիկ ու կոշիկ եմ առնելու միայն, մնացածն ունեն»:

Տոնավաճառ եկած Արթուր Ծատուրյանն էլ վաղը առաջին դասարան է ուղարկելու իր որդուն, ունի նաեւ 3-րդ դասարան հաճախող երեխա. հագուստի եւ գրենական պիտույքների համար նախատեսել է 100 հազար դրամ. «Առեւտուրը վերջին օրվա ենք թողել, որովհետեւ այսօր ավելի ազատ է տոնավաճառը, քիչ մարդ կա:  Գներին ուշադրություն դարձնում ենք,  իհարկե, մենք ընտրում ենք մի քանի բան ինչ հավանում ենք, հետո տղաս դրանց միջից ընտրում են այն, ինչ ինքն է հավանում  եւ առնում ենք»: