Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է իր հարազատ թիվ 76 հիմնական դպրոց:

«Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում Բաբլոյանը սովորել է 11 տարի: Լրագրողների հետ զրույցում Աժ նախագահը նշեց, որ իր համար այստեղ ոչինչ չի փոխվել:

«Եղել եմ այս երեխաների նման: Հիշում եմ բոլոր այն օրերն ու տարիները, որ այստեղ սովորել եմ: Դպրոցում ինձ համար ոչինչ չի փոխվել»,- ասաց նա:

Այնուհետեւ դիմելով դպրոցականներին, մասնավորապես առաջին դասարանցիներին, Արա Բաբլոյանը շնորհավորեց Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այս տարին հոբելյանական է թիվ 76 դպրոցի համար. այն հիմնադրվել է ուղիղ 65 տարի առաջ:

«Ինքս շատ հպարտ եմ, որ այս դպրոցի շրջանավարտ եմ եւ կրկնակի հպարտ եմ ու ուրախ, որ արձանագրում ենք՝ այս դպրոցը լավագույններից մեկն է»,- ասաց Արա Բաբլոյանը:

Դպրոցականներին շնորհավորելու էր եկել նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Ելույթների ավարտին հնչեց զանգը, առաջին դասարանցիները բաց թողեցին աղավնիներ եւ փուչիկներ: