Պետք է այնպես անենք, որ գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարությունում տեղի ունեցախ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը եղել է կոնյակի եւ գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Տնտեսվարողները ողջունել են գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նրանք ընդգծել են նաեւ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ դրական փոփոխությունները եւ բիզնեսի ազատության աստիճանի բարձրացման փաստը, կարեւորել մթերման նպատակով տրամադրվող վարկերի շեմի բարձրացումը:

Վարչապետը նաեւ շեշտել է, որ առաջին հերթին պետությունն է շահագրգռված հայկական գինու եւ կոնյակի բրենդը բարձրացնելու հարցում: «Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետեւանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ խաղողի այգիների ավելացմանը, գինեգործության ու կոնյակագործության խթանմանը, արտահանման ծավալների հետագա ավելացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող այլ հարցեր: