Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները սեպտեմբերի 1-ից սովորելու են Դիլիջանի նոր՝ գեղեցիկ շենքում: 24 տարի շարունակ վարժարանը Երեւանում էր գործում, Հալաբյան 44 հասցեում:

Սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր վարժարանի սաների համար: Հին շենքում կազմակերպված հրաժեշտի արարողության ժամանակ ելույթում պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանն ընդգծեց. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սեպտեմբերի 1-ը մեր ամենասիրելի տոն-աշխատանքային օրն է, եւ դա պատահական չէ, քանի որ օրվա խորհուրդը կրթությունն ու գիտելիքն է: Վարժարանի պատմության մեջ նոր էջ է բացվում: Պետությունն անկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենամեծ միաժամանակյա ներդրումն արեց»: Փոխնախարարի խոսքով՝ Դիլիջանում վարժարանի շենքի շինարարության եւ շահագործման ծախսերը շուրջ 16 մլրդ դրամ են կազմել:

Վարժարանի արդեն նախկին ղեկավար, գնդապետ Վահան Ոսկանյանն իր խոսքում հիշեցրեց, որ վարժարանը հիմնադրվեց արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: «Կառավարության 1993թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ ստեղծվեց վարժարան, եւ 1994-ի հուլիսին այն կոչվեց Մոնթե Մելքոնյանի անունով»,- հավելեց գնդապետը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ապագա սպա Նարեկ Բախտավորյանը նշեց, որ մանկության տարիներից որոշում է կայացրել համալրել Հայաստանի Զինված ուժերի սպայակազմի շարքերը, որպեսզի ինչ-որ բանով օգտակար լինի հայրենիքի պաշտպանությանը: Հարցին, պատկերացնո՞ւմ է գոյություն ունեցող սպառնալիքները, Նարեկը պատասխանեց. «Սպառնալիքները պատկերացնում եմ, բայց հարկավոր է հաղթահարել դժվար ժամանակները՝ ավելի դյուրինին հասնելու համար»:

Նարեկի մայրը՝ Անուշ Համբարձումյանը, հազիվ զսպելով արցունքները, ասաց. «Փոքր-ինչ դժվար էր հաշտվել որդուս որոշման հետ, բայց հպարտ եմ, որ տղաս այսպիսի կամքի ուժ ունի»:

Ապագա հետախույզ եւ դիպուկահար Գոռ եւ Ռոման Հովհաննիսյանները պատմեցին, որ շատ են սիրում իրենց մասնագիտությունը: Գոռի խոսքով՝ հետախույզի մասնագիտություն է ընտրել, քանի որ, չնայած մեծ վտանգին, կարող է իմանալ հակառակորդի բոլոր ծրագրերի մասին, ինչպես նաեւ ապահովել մեր անվտանգությունը: Եղբայրը՝ Ռոմանն էլ ընդգծեց, որ իրենց մասնագիտությունը մանկության տարիներից են ընտրել:

Վարժարանի սաներից Դավիթ Մարտիրոսյանն իր հերթին նշեց. «Իմ ուղղությունն ավելի շուտ քաղաքացիական է: Ես որոշել եմ ռազմական բժիշկ դառնալ, քանի որ պատերազմի ժամանակ բժիշկներ շատ են պետք»:

Դիլիջանում վարժարանի նոր շենքի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց. «Այսօր իրականում շատ վառ, շատ լուսավոր օր է: Ոչ միայն Դիլիջանի համար արտասովոր ուժեղ արեւի, այլ այն պատճառով, որ ներկա ենք մի իրադարձության, որի մասին միայն երազել կարող էինք: Մենք տեսանք, որ ամենակարեւոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվեց նոր, հարմարավետ պայմաններով շենք՝ այս հրաշալի ուսումնական համալիր: Որպես մարդ, որն աշխարհի բազմաթիվ առաջատար ուսումնական հաստատություններ է տեսել, վստահեցնում եմ ձեզ, որ իր պայմաններով այս համալիրը չի զիջում դրանցից ոչ մեկին, նույնիսկ առաջ է անցնում շատերին»:

Վարժարանի նոր շենքի բացման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը եւ պետգույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:

Դիլիջան այցի ավարտին նախարար Վիգեն Սարգսյանը «արիության դաս» անցկացրեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների մասնակցությամբ: