Դեռեւս շոգ է, եւ Նորաշենի (Արագածոտնի մարզ) դպրոցի շենքում  հաճելի զով է: Դպրոցի շենքը, սակայն, ձմռանը պատրաստ չէ. կան ջեռուցման խնդիրներ, իսկ հին պատուհաններն անհրաժեշտ մեկուսացում չեն ապահովում:

Դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցի պատուհանները տեղադրվել են 2003 թվականին, սակայն ջրատարի բացակայության պատճառով դրանք տարեցտարի խոնավացել են ձյան եւ անձրեւների հետեւանքով, որի արդյունքում փայտե շրջանակները փտել են: Ձմռանը դրանք սոսնձում են կպչուն ժապավենով, սակայն նման ջերմամեկուսացումը չի օգնում:

Դասասենյակները տաքացնում են էլեկտրական սալիկներով, չնայած դպրոցի համար կառուցվել է սեփական կաթսայատուն: Ինչպես նշեց տնօրենը, կաթսաները տեղադրվել եւ ստուգվել են, աշխատանքի մեծ մասը կատարված է: Մնում է միայն մեկ խնդիր՝ գազատարն անցնում է դպրոցից 1,5 կմ հեռավորությամբ, եւ անհրաժեշտ է այնտեղից գազն անցկացնել կաթսայատուն:

Տնօրենի խոսքով՝ մարզային իշխանությունը տեղյակ է ե՛ւ պատուհանների, ե՛ւ կաթսայատան խնդիրներին: Գազ անցկացնելու հարցը, սակայն, արդեն ավելի քան 10 տարի չի լուծվում:

«Եթե այս հարցը լուծվի, եւ մենք կարողանանք կաթսայատունը շահագործել, եւ պատուհանները փոխվեն, ապա մենք կկարողանանք դպրոցում ձմռանը անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ դպրոցի շենքը կառուցվել է 1969 թվականին: 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը վթարային էր դարձել, եւ 15 տարի շարունակ դասերն անցկացվել են տնակներում: 2003 թվականին այն ամրացվել է եւ վերանորոգվել պետական սոցիալական ծրագրերի շրջանակում:

Այս տարի դպրոցը 145 աշակերտ ունի, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: