ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Ողջունելով փրկարարներին եւ շնորհավորելով նրանց տոնի առթիվ` Հանրապետության Նախագահը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսեւորած մասնագիտական բարձր պատրաստվածության եւ նվիրումի համար պետական պարգեւներ է հանձնել արտակարգ իրավիճակների նախարարության եւ հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց:
Պարգեւատրման արարողությունից հետո տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Հանրապետության նախագահի, տոնական միջոցառմանը մասնակցող ՀՀ ԱԱԽ անդամների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարների, տոնին հրավիրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ԱԻՆ տարածքում բացվել եւ օծվել է փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանը: Այն նվիրված է մարտական գործողությունների եւ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված փրկարարներին:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ հիմնովին վերանորոգված ԱԻՆ երրորդ մասնաշենքի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին եւ շենքում տեղակայված ծառայությունների գործունեությանը: Նորաբաց մասնաշենքում գործում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաեւ հոգեբանական ծառայությունը:
















