Լիանա Զուրաբյանի հետ կատարվածը հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը:
Նա, մասնավորախպես, նշել է.
«Ոստիկանությունը նյութ է հրապարակել մի կին վարորդի նկատմամբ իրականացվող վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ, անվանելով այն «միջադեպ»: Կենցաղային եզրույթները, այդ թվում՝ «միջադեպը», իրավագիտության հարթությամբ բոլորովին այլ իմաստ ու արժեք ունեն: Կենցաղային տեսանկյունից, այո՝ դա միջադեպ է, ընդ որում, հրապարակման միջոցով հանրամատչելի դառնալուց հետո դրա «հերոսների» վարքագիծը կարող է սոցցանցում, եւ ոչ միայն, անընդունելի, անգամ, ցավոք, ծաղրանքի արժանի լինել, սակայն դա, նախ, իրավական հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն: Իսկ վարչական վարույթի ու վարչարարության վրա հավասարապես տարածվում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերը, այդ թվում՝ 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դատավարության հրապարակայնության սահմանափակումների վերաբերյալ դրույթները: Բացի այդ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, վարույթի նյութերը կարող են տրամադրվել վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, այսինքն՝ դրանք հրապարակման ենթակա չեն: Չեմ անդրադառնում նաեւ մի շարք այլ փաստարկների:
Բազում օրինակներ կարող եմ բերել նաեւ իմ պրակտիկ աշխատանքից, երբ հիացել եմ ոստիկանների աշխատանքով, անձնազոհ կեցվածքով, սակայն լուսաբանման այս եղանակը գուցե «էֆեկտիվ է», սակայն աղերսներ ունի օրենքի հետ»:
Նշենք, որ նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր ասմունքող Լիանա Զուրաբյանի եւ պետավտոտեսուչների միջեւ վեճի տեսանյութը: Բանն այն է, որ Լիանան ավելի վաղ հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ պետավտոտեսուչները կանգնեցրել են իր մեքենան, պահանջել փաստաթղթերը:
Թեեւ Լիանա Զուրաբյանը խոստովանել է, որ տեխզննման կտրոնի ժամկետն անցած է եղել, այնուամենայնիվ, նրան բարկացրել է, որ ոստիկանները հաշվի չեն առել, որ իր մեքենայում երեխա կա եւ որ ինքը հայտնի ասմունքող է:
Դրանից հետո ոստիկանության YouTube-ի ալիքում հրապարակվել է մի տեսանյութ, որն առաջարկում ենք պարզապես դիտել առանց մեկնաբանության: Լիանա Զուրաբյանն էլ պնդել է, որ տեսանյութը մոնտաժված է:











