«Իրմա» փոթորիկը, որն արդեն ավերածությունների պատճառ էր դարձել Կարիբյան ծովի կղզիներում, մոտենում է Պուերտո Ռիկոյին, հայտնում է BBC–ն։

Փոթորկի մոտենալուն զուգահեռ՝ Պուերտո Ռիկոյում ուժգնացել են քամին ու հորդառատ անձրեւները։

Նախօրեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքում առնվազն 7 մարդ էր զոհվել, եւս մեկը զոհվել էր Բարբուդա կղզում տարերքի հետեւանքով։

Անտիգուա եւ Բարբուդայի վարչապետ Գաստոն Բրաունը հայտնել է, որ փոթորկի պատճառով ամբողջովին ավերվել է կղզին, որտեղ 1700 մարդ է ապրում։

Նախնական գնահատականներով ենթակառուցվածքի վերականգնման համար մոտ 150 մլն դոլար է անհրաժեշտ։

Նման իրադրություն է նաեւ Ֆրանսիային պատկանող Սեն Բարտելեմի եւ Ֆրանսիայի ու Նիդերլանդների միջեւ բաժանված Սեն Մարտեն կղզիներում։

«Իրման» արդեն համարվում է վերջին տասնամյակներում Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած ամենաուժեղ փոթորիկը։ Քամու արագությունը հասնում է 300 կմ/ժ–ի։ Փոթորիկն հասել է 5-րդ՝ առավելագույն աստիճանի։ Այն ավելի ուժեղ է, քան Թեքսասի ափերին վրա հասած «Հարվի» փոթորիկը։