Սեպտեմբերի 4-ի երեկոյան Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի քահանա տեր Հեթում Թարվերդյանի ու Նեղոցի համայնքապետ Վարդան Աթանեսյանի միջեւ գրանցված միջադեպը համացանցում ակտիվ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, հանդիպեցինք տեր Հեթումի հետ, որը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց. «Երկու օր առաջ երեկոյան 20:23-ին եկեղեցու մոմովաճառից զանգ ստացա, որ վիճում են Նեղոցի համայնքապետ Վարդան Աթանեսյանի հետ: Հարցրի՝ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ են վիճում, մոմավաճառն ասեց, որ համայնքապետը ցանկանում է, որ վանքի դարպասները բացեն, որ նա մեքենայով մտնի եկեղեցու տարածք: Բացատրել են, որ որեւէ մեկը վանքի տարածք չի մտնում մեքենայով, ավտոկանգառ կա եւ բոլորը մեքենաները կանգնեցնում են այնտեղ»:

Համայնքապետը, սակայն, չի լսել մոմավաճառի հորդորներն ու շարունակել է նույնը պնդել, ինչին ի պատասխան մոմավաճառն ու նրա ամուսինը պատասխանել են, որ վանքի դարպասների բանալիները գտնվում են քահանայի մոտ:

«Ասել է՝ լավ, չեք տալիս, ես կգնամ կբերեմ: Եկավ: Տեսա, որ մեկը մեքենան ոչ սթափ վիճակով վարում է...Դուրս եկա, ասեցի՝ լսում եմ ձեզ: Ասեց՝ դարպասի բանալիները տուր: Ես այդ ժամանակ միանգամից նկատեցի, որ համայնքապետը սաստիկ հարբած է, իրեն չէր կարողանում գետնի վրա պահել: Եվ տեսա, որ մեքենայի մեջ կին կար ու երեխաներ: Ասեցի՝ արի մեր տուն գնանք, խոսենք, տեսնենք ինչ է պատահել...  Հարիր չէ համայնքապետին այսպես պահել այս ուշ ժամին»,- պատմեց քահանան. - «ասեց՝ վերջնական հարցնում եմ, բանալիները տալի՞ս ես, ես բացում եմ, թե՞ չէ: Ասեցի՝ ոչ, դարպասները չեն բացվում, օրենքը նույնն է բոլորի համար: Ասեց՝ լավ, ուրեմն ես գնում եմ դարպասները կոտրեմ: Ձեռքին ատրճանակ կար, ասացի՝ ատրճանակդ իջեցրու, ատրճանակդ ինչի՞ ես պահել»:

Լսելով համայնքապետի սպառնալիքը, որ քիչ հետո կվերադառնա ընկերների հետ ու վանքի դարպասները ջարդելով ներս կմտնի, քահանան դիմել է ոստիկանության օգնությանը: Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկաններն, ըստ քահանայի, բերման են ենթարկել գյուղապետին:

Քահանայի խոսքով՝ երեկ երեկոյան համայնքապետը Ախթալայի քաղաքապետի հետ այցելել է վանք ու ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:

Նեղոցի համայնքապետին գյուղապետարանում հանդիպել չհաջողվեց: Նա մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում ու ինքը հիմա զբաղված է այդ հարցի պարզաբանմամբ: Վերջինս հերքեց, թե իր ու քահանայի միջեւ որեւէ միջադեպ է տեղի ունեցել՝ տարածված տեղեկատվությունը որակելով որպես զրպարտություն: