Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։
Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն անդրադարձել է Եվրոպական միության, Եվրասիական տնտեսական միության եւ մի շարք գործընկեր պետությունների հետ ավիացիայի ոլորտում ՀՀ համագործակցության արդյունքներին՝ զեկուցելով 2017 թվականին մեկնարկած ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցությունների ընթացքի, Եվրասիական տնտեսական hանձնաժողովի հետ մշակված եւ հաստատված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների մասով համաձայնեցված քաղաքականության ճանապարհային քարտեզի եւ 27 պետության ավիացիոն իշխանությունների հետ վարված բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Հանրապետության նախագահը հանձնարարել է հետեւողական աշխատանքներ տանել գործընկերների հետ ավիացիայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ՝ ավիաընկերությունների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանի Հանրապետության օդային կապակցվածության ընդլայնմանը, ՀՀ օդանավակայանների եւ ավիափոխադրումների շուկայի զարգացմանը, ավիացիոն ուսուցման մակարդակի բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը Նախագահին ներկայացրել է նշված ուղղություններով միջոցառումների ցանկը, ինչպես նաեւ ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության առաջիկա ծրագրերն ու ակնկալվող արդյունքները:













