Մենք դեմ ենք, որ մի տեղում են հավաքվում եւ մի կենտրոնից են բողոքի ձայներ հնչում, պետք է ցանցային համակարգի միջոցով բողոքներ լինեն, բոլոր քաղաքացները պետք է մասնակցեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով պայքարի իրենց ծրագրին:

Նրա խոսքով, պետք է դառնան մեկ քաղաքական մարմին, որի մեջ կներառվի նաեւ սփյուռքը:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի փողոցների անվանափոխության նախաձեռնությանը, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դա կոսմետիկ փոփոխություն է, թեեւ ինքը դեմ չէ անվանափոխության գաղափարին:

«Մենք կողմնակիցը չենք ինչ-որ կոսմետիկ փոփոխությունների, եթե հանդես են գալիս մի քանի փողոցների անունները փոխելու, ապա ինչով եք փոխում: Այս հարցը շատ կարեւոր է: Ես միանշանակ կողմ եմ, որ չպետք է ունենանք Լենինգրադյան փողոց, որովհետեւ Լենինը մեր ազգի համար չարիք է եղել: Ես չեմ կարծում, որ Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցը պետք է լինի քաղաքի ծայրամասում: Լենինգրադյան փողոցը պետք է փոխարինվի այդ անվամբ: Մենք կոսմետիկ փոփոխությամբ չենք առաջնորդվելու, պետք է արմատական փոփոխություններով առաջնորդվենք, իսկ անվանական փոփոխության համար մենք պետք է հիմնահատակ քանդենք մեր հայկական բաստիլը՝ «Կակեբեի» մասին է խոսքը: Մենք՝ ինքներս, էլ ենք ներկայացնելու օրենսդրական նախաձեռնություններ»,- ասաց Փոստանջյանը:

Նա անդրադարձավ նաեւ իրենց ծրագրի այն դրույթին, որով դատապարտում են Հայ առաքելական եկեղեցուն արտոնությունների տրամադրումը: «Երկիր Ծիրանիի» ղեկավարը նշեց, որ թեեւ ինքը եկեղեցու դեմ ոչինչ չունի, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, սակայն կարծում է, որ եկեղեցաշինության այսօրվա ծավալների անհրաժեշտությունը չկա: