Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա եւ գյուղացուն հնարավորություն տա արժանավայել պահել իր տունը: Այս մասին սեպտեմբերի 8-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառին եւ անբավարար գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը:
Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արագածոտնում նշված ուղղություններով իրականացվում են տարբեր ծրագրեր՝ վստահեցնելով, որ դրանք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: Որպես արդյունավետության օրինակ՝ նշվել է, որ վերջերս մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100 հազար դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3,3 մլն դրամ:
Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ողջունել է կառավարության նշված ծրագրերի իրականացումը եւ վստահեցրել, որ դրանցով հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է:
Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Պետք է պայմաններ ստեղծենք, որ գյուղատնտեսությամբ ապրելը, տուն պահելը մոդայիկ դառնա: Դրա համար շատ կպած աշխատում ենք, որովհետեւ ես վստահ եմ, որ էս ուղղությամբ մենք մեր քաղաքացուն տալու ենք հնարավորություն արժանավայել, իր աշխատանքով ինքն իր տունը մարդավարի պահի: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել մարզի համայնքների սեփական եկամուտների աճի տեմպերից, միաժամանակ շեշտել, որ համայքների միջեւ համեմատականը ցույց է տվել կարգապահության բարձրացման խնդրի առկայություն: «Ֆինանսական առումով մարզի ցուցանիշներն ու աճի տեմպերը գոհացուցիչ են: Ուրախալի է նաեւ, որ ոլորտի պատասխանատուները գիտեն յուրաքանչյուր համայնքի ուժեղ եւ թույլ կողմերը, ինչը կնպաստի ֆինանսական կարգապահության ապահովմանը», - ասել է վարչապետը:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ օրինակ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում ճանապարհ չկա, բայց 10.000 տուրիստ ունի գյուղը, Տավուշի մարզի Ենոքավան գյուղն էլ իր առաջ խնդիր է դրել 250.000 տուրիստ ունենալ. «Ձեր մարզում Կալավանի ու Ենոքավանի համայնքապետերին գտեք»:











