Ո՞վ կարող էր մտածել, որ մեղմ ասած, այս ոչ ռոմանտիկ առարկան՝ զուգարանը, կարող էր դրամատիկ սիրո պատմության հիմք դառնալ: Այո, սա ճշմարտություն է, ոչ թե վրիպակ: Հնդկաստանում այս սեզոնի հիթը դարձել է «Զուգարան. Մի սիրո պատմություն» ֆիլմն այն մասին, թե ինչպես է զուգարանն ազդում հնդիկ երիտասարդների կյանքի եւ սիրո վրա: Ֆիլմի գլխավոր դերակատարը Բոլիվուդի մեգաաստղ Աշկար Կումարն է:

Դրամատիկ պատմությունն սկսվում է, երբ երիտասարդ Ջայան, գալով ամուսնու տուն, հայտաբերում է, որ այնտեղ զուգարան չկա: Իրավիճակն ավելի է սրվում, երբ տեղի կանայք առաջարկում են նրան մասնակցել կոլեկտիվ «lota party» -ին (lota – պղնձյա տաշտակ): Հենց այսպիսի ջրով լի տաշտակներով եւ այլ տարաներով են տեղի կանայք մաքուր օդում հոգում իրենց բնական կարիքներն ու վերադառնում առօրյա գործերին: Բարկացած եւ շփոթված Ջայան հեռանում է ամուսնուց, քանի որ նա հրաժարվում է զուգարանակոնք տեղադրել: Այս դրամայի  ավարտը դեռ հայտնի չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, ամուսինը, հանուն մեծ, մաքուր եւ լուսավոր սիրո, կվճռի զուգարանակոնք տեղադրել:

Շատերի համար այս պատմությունն աբսուրդի է նման, սակայն սա Հնդկաստանում արդիական եւ մեծ խնդիր է: Շատ նահանգներում տներում զուգարաններ չկան, եւ մարդիկ իրենց բնական կարիքներն հոգում են տան շրջակա տարածքներում: Հաճախ այդ պատճառով կանայք տարբեր բռնությունների զոհ են դառնում: Խնդրի լուծման համար Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գործի է դրել մի «Մաքուր Հնդկաստան» ծրագիրը, որը ենթադրում է զուգարանների համատարած շինարարություններ իրականացնել: