ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունն իրականացնում է խորհրդարանի հավանությունը ստացած ծրագիրը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության տեմպը 6 տոկոսից ավելի է, եւ դա դրական միտում է ապահովում։ «Եվ կարող եմ ասել, որ կառավարությունը քաղաքական մեծամասնության հետ միասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, մեկ քաղաքական թիմ է»,– նշել է Շարմազանովը։

Ի պատասխան այն դիտարկմանը, թե երկրի տնտեսության մեջ նշանակալի արդյունքներ չեն գրանցվել, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Արտահանումը կտրուկ աճել է, գրանցվել է նաեւ աճ զբոսաշրջության ոլորտում։ Մենք տեսնում ենք բոլոր այն դրական տեղաշարժերը, որոնց ուզում էր հասցնել կառավարությունը, եւ մենք աջակցում ենք այս կառավարությանը»։