Հայաստանում մինչեւ տնտեսական ճգնաժամը գործած տնտեսական աճի մոդելը, պարզվեց, անկայուն է եւ չկայացած, ուստի անհրաժեշտ է այն վերաիմաստավորել: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ անցյալում տնտեսական աճը կապված էր տրանսֆերտների հետ, այլ ոչ թե երկրի ներքին զարգացման եւ տեղական արտադրության զարգացման հետ: Իսկ հիմա անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի տնտեսական աճը կապվի ներքին արտադրողականության զարգացման հետ: «Կարծում եմ՝ վերջին տարիներին մենք շարժվում ենք հենց այս ուղղությամբ. ՀՆԱ-ում արտահանման բաժինն ավելի քան 10 տոկոսային կետով աճել է»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմաններին՝ Արամյանը նշեց, որ ինչպես իրեն ասել է իր դասախոսներից մեկը, առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել բոլոր արհեստական խոչընդոտները եւ բոլորի համար շուկային հավասար հասանելիություն ապահովել, ինչպես նաեւ հասնել  իրական տնտեսական աճի ցանկալի 5 տոկոս ցուցանիշին: Դրա համար բարեփոխումներ են անհրաժեշտ, այդ թվում՝ առողջապահության, կրթության ոլորտներում, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում, որ ունեցած միջոցներն առավելագույնս արդյունավետ ծախսվեն:

Ինչ վերաբերում է դրամավարկային քաղաքականությանը, ֆինանսների նախարարի կարծիքով՝ երկիրը ճիշտ ուղու վրա է: «Դրամավարկային քաղաքականությունն անչափ պարզ հարց է լուծում՝ հասնել ֆինանսական կայունության եւ ինֆլյացիայի նպատակներին: Այս քաղաքականությունն ինքնին չի կարող երակարաժամկետ տնտեսական աճի հանգեցնել, սակայն կարող է աճին նպաստել: Զարգացման բանալին ֆինանսական շուկաների կայունությունն է եւ ինֆլյացիայի ցածր մակարդակը»,- եզրափակեց Վարդան Արամյանը: