ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ոչ մի մտահոգություն չունի կապված ԿԳ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանին պաշտոնանկ անելու հարցով ստորագրահավաքի հետ:

«Ոչ մի մտահոգություն չունեմ, պաշտոնանկ անելու ձեւեր կան»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կազմակերպած ստորագրահավաքին:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է նախաձեռնել: Բախշյանի նախաձեռնության հիմնական պատճառը  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն, որը մահվան ելքով վթարի հեղինակ է, նախագահի մակարդակով պարգեւատրելն է: Ռազմիկ Դանիելյանը պարգեւատրվել է բարձր առաջադիմության համար, մինչդեռ այս փուլում նա վրաերթի գործով  միակ մեղադրյալն է, իսկ գործը նախաքննության փուլում է:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչու է մեկը մյուսի հետ պայմանավորում: Քրեական գործը թող քննվի, ինչ պատիժ հասնում է, թող ստանա: Լեւոն Մրտչյանը պատասխանել է դրա հետ կապված, պետք չի խառնել  եւ շիլաշփոթ սարքել: Եթե հետեւում ենք տրամաբանությանը եւ օրենքի պահանջներին, քանի մարդը չի դատապարտվել օրենքի ուժ ունեցող դատավճռով, նա պիտի համարվի անմեղ: Եթե գիտենք՝ ինչ է նշանակում անմեղության կանխավարկածը:

Քանի որ վճիռը չկա, իսկ խնդիրը կրթամակարդակի որակը գնահատելու հետ է կապված, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Հիմա եթե մարդը դիպլոմ պետք է ստանա ու հանցանք կատարի, պետք է չստանա՞ դիպլոմը: Բարոյական արժեքների հետ կապված խնդիրները պետք է այլ դաշտում քննարկեն, ես էստեղ կապը չեմ կարող հասկանալ»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական պատգամավորը նշեց, որ  մտահոգված չեն Լեւոն Մկրտչյանի  դեմ հրաժարականի պահանջով ստորագրահավաքով. «Ոչ մի մտահոգություն չունեմ, պաշտոնանկ անելու ձեւեր կան, դրա համար նախատեսված կարգ կա, եթե այդ ամենը կանեն, հասնեն իրենց նպատակին, թող անեն»: