Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ, որոնց ներքին ցանկություններն ու հավակնությունները գիշերային ժամերին լուրջ կասկածի տեղիք են տալիս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նշելով, որ սա ազգային անվտանգության հարց է:
«Ես խնդրում եմ, որ Առողջապահության նախարարությունը, ելնելով ազգային անվտանգության շահերից, քայլեր ձեռնարկի, որ Հայաստան մուտք գործող ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկները կարողանան զսպաշապիկ հագնել եւ հավակնությունները չբավարարեն մեր երիտասարդ աղջիկների ցանկությունների եւ արժանապատվության հաշվին»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն իր ելույթում հետաքրքրվեց՝ Գեւորգ Պետրոսյանի մատնանշած թեմայի հետ ինչ կապ ունի առողջապահության նախարարությունը:
«Գիշերային թիթեռնիկների եւ չսափրվածների հետ կապված թեմային ծանոթ չէի, նոր իմացա, բայց առողջապահության նախարարը դրանով չպիտի զբաղվի, ես կարծում եմ: Նրանք տուրիստ են, կարող են որտեղ ուզում են ման գալ, թե ինչու է դա ձեզ այդքան հետաքրքրում, պարոն Պետրոսյան, ես չգիտեմ»,- ասաց Հակոբ Հակոբյանը:











