Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկել են բացակա պատգամավորների փոխարեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վավերացման քվեարկության ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Սիստեմատիկ կարգով Հանրապետական խմբակցության կենտրոնի յարուսի վերջին շարքում հինգ հոգով ութ կամ յոթ հոգու տեղ են քվեարկում: ԱԺ աշխատակարգով կա սահմանված կարգ, որով պետք է վերականգնվի քվեարկության պատկերը, որից հետո պարոն Բաբլոյան, պարտավոր եք պարզել՝ ով է քվեարկում ուրիշի փոխարեն եւ համապատասխան միջոցներ կիրառեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Առանց պատկերը վերականգնելու՝ Արա Բաբլոյանը հորդորեց գործընկերներին չխախտել կարգը ու քվեարկել միայն իրենց համար, քանի որ իրավունք չունեն ուրիշի փոխարեն քվեարկելու:

«Ես ուշադիր կլինեմ»,- ասաց ԱԺ նախագահն ու շարունակեց քվեարկության դնել մյուս նախագծերը: Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց. «Սա Մալաթիայի շուկան չէ, որ մանիպուլյացիաներ անեն»:

Արա Բաբլոյանը կրկին անվրդով մնաց. «Այսուհետ ավելի ուշադիր կլինենք ու շնորհակալություն հուշելու համար»: