Երբ կառավարությունն ընդունի «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը, երբ կոնկրետ առաջարկ լինի, մենք այն կքննարկենք: Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք կարծում ենք, որ երկրի զարգացման ճիշտ ուղին մեր ծրագիրն է: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսությունում, այո, ինչպես նշել է մեր ղեկավարը, 1-2 ոլորտներում դրական տեղաշարժեր կան: Սակայն մյուս ոլորտներում մենք էական փոփոխություններ չենք նկատում: Եվ լրագրողներից շատերը հարցնում են՝ դուք ինչ կանեք, եթե կառավարությունն ընդունի ձեր 15 կետերը, սակայն դա դեռեւս չի եղել»,- նշեց Մելքումյանը՝ շարունակելով, որ քաղաքականության մեջ «եթե» գոյություն չունի: «Երբ նման պահ լինի, մենք անպայման այն կքննարկենք: Ներկայումս մենք այն չենք քննարկում: Կլինի կոնկրետ առաջարկ, այդ դեպքում այն քննարկման համար այժմեական կդառնա»,- հավելեց Միքայել Մելքումյանը: