Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանն ասաց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը ելույթ ունենալիս:

Նրա խոսքով՝ ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիան չի պատրաստվում կատարել պայմանավորվածությունները եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ երկիրը շարունակում է ժխտման քաղաքականությունը։ Այդ պայմաններում միջազգային հանրությունը եւ սփյուռքը պետք է անցնեն նոր մարտավարության։ «Աշխարհի գերտերություններն արդեն ընդունել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Եվ այդ երկրներում սփյուռքի օջախները կարող են նոր օրակարգ ձեւավորել։ Պետք է նորովի նայել սփյուռքի «փափուկ ուժի» հնարավորություններին, ոչ պաշտոնական դիվանագիտության։ Բոլոր այդ գործողություններն ապագայում պետք է ավելի կազմակերպված լինեն»,– պարզաբանեց Սերժ Սարգսյանը։