«Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելով իրենց խնդրի մասին:
Քաղաքացիները պնդում են, որ իրենք տուժել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմնե Նաղդալյանի գործունեության արդյունքում: Նրանց խոսքով՝ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, բարձր տոկոսով գումարներ են տվել եւ կառուցվող շենքում իրենց բնակարանները գրավադրել:
«Իմ տունը գտնվում է Հերմինե Նաղդալյանի մոտ, նրա որդու անունով է, ոչ մի հարց էլ չենք կարում լուծել, մինչեւ հիմա մեզ խաբում են, ես 31.5 հազար դոլար տվել եմ, ոչ մի պարտք չեմ ունեցել: Հենց մի հոգու հետ են հարց լուծել, բայց հիմա փոշմանել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից Հայկ Համբարձումյանը:
Տուժած բնակիչների խոսքով, արդեն մի քանի տարի է՝ իրենք դատական քաշքշուկների մեջ են, սակայն արդեն հարցն այդպես էլ լուծում չի ստանում:
Նշենք, որ բնակիչները պատմում են, որ 2008թ. իրենք պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար, գումարը վճարել են, սակայն 2009թ. իմացել են, որ իրենց բնակարանները «Նորաշեն 2007» ընկերությունը գրավի տակ է դրել եւ դրանց դիմաց խոշոր պարտքեր վերցրել, ավելի ուշ սնանկ է ճանաչվել եւ իրենց բնակարանները անցել են պարտատերերին, այդ թվում, Հերմինե Նաղդալյանի ընտանիքին:
«Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։
Ակցիայի ավարտին քաղաքացիները նամակ փոխանցեցին վարչապետ Կարեն Կարապետյանին:











