Երեւանի ավագանու արտահերթ նիստին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հանրապետական խմբակցության անդամ Կամո Հովհաննիսյանը «Երկիր Ծիրանի» խմբացկության անդամներին զգուշացրեց, որ նրանց դատի է տալու քաղաքապետին եւ նախագահին վիրավորելու համար:
Բանն այն է, որ երբ Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու որոշմամբ մշակույթի մի շարք գործիչների որոշում կայացվեց բնակարաններ տրամադրել եւ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում տալ, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը նշեց, որ Տարոն Մարգարյանը նման որոշում է կայացրել, որովհետեւ այդ մարդիկ լռում են, երբ Տարոն Մարգարյանը «քանդում է» քաղաքը:
«Պահանջում եմ, որ այլեւս այդպիսի ռեպլիկներ չանեք: Դուք լինելով ավագանու անդամ, ցանկացել եք այս ավագանուն մասնակցություն ունենաք, իրավունք չունեք վիրավորել Երեւանի քաղաքապետին: Ո՞վ է ձեզ իրավունք տվել եւ ինչպե՞ս եք պատասխան տալու, եթե մենք վաղը ձեզ դատի տանք: Ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալ ձեր հերյուրանքների համար: Դուք չեք ուզում բանի տեղ դնել, թե ինչպես է ընտրվել Երեւանի քաղաքապետը: Ստիպված եմ կրկնել, որ դուք մի ձայնով եք անցել, ավագանու նիստերին կսովորեք, նոր ելույթներ կունենաք»,-հայտարարեց Կամո Հովհաննիսյանը:











