Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստից հետո նախարարները ճեպազրույցներ են ունենում լրագրողների հետ:

Առաջինը լրագրողներին մոտեցավ Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը:

Հարցին, թե արդյոք հայկական կողմն ստացե՞լ է այն երաշխիքները, որոնց մասին իր ելույթում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (խոսքը վստահության մեխանիզմների ներդման, հասցեական հայտարարություններ անելու եւ բախումները չվերսկսելու վերաբերյալ երաշխիքներին է վերաբերում), Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հանդիպումն ու երաշխիքներն իրար հետ չի կարելի կապել, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, գործընթացը երաշխիքների հետ կապված է:

Անդրադառնալով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, նա նկատեց. «Կրակի դադարեցման ռեժիմը եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը ամրապնդելու մասին կա 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախ-Հայաստան-Ադրբեջան, որը, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավարությունն է: Դեռ այդ ժամանակ Ադրբեջանը պարտավորվել էր, որ պետք է այդպիսի մեխանիզմներ դրվեն»: