ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացվող մեծ քանակի վճիռների նվազեցման խնդիրը կարող է լուծվել այս ոլորտում կատարվող եւ կատարվելիք աշխատանքի միջոցով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ, դրան են ուղղված եղել Սահմանադրական բարեփոխումները՝ նպատակ ունենալով դատավորների ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին անկախությունն ապահովելը։
Նախարարի խոսքով, եվրոպական շատ հայտնի կայացած արդարադատական համակարգով երկրները եւս ունենում են ՄԻԵԴ-ում պարտություններ։ Իսկ որպեսզի նվազեն ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացվող մեծ քանակի վճիռները եւ պարտությունները, ըստ Դավիթ Հարությունյանի, պիտի փոխվենք բոլորս։
Հարցին, թե ինչո՞ւ պետք է դատավորի սխալ որոշման պատճառով տուժեն ՀՀ քաղաքացիները, որոնց վճարած հարկերից գումարներ են փոխանցվում ՄԻԵԴ- պարտված գործերով դիմողներին, արդյոք ճիշտ չէ այդ բեռը դնել հենց սխալ կատարած դատավորի ուսերին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Գլխացավը չեն բուժում գլուխը հատելով: Բացի դրանից` բավական է երկիրը գնա այն ճանապարհով, որ դատավորին նյութական պատասխանատվության ենթարկի ՄԻԵԴ–ում այս կամ այն գործը պարտվելու համար, մենք կունենանք ՀՀ դեմ հերթական գործը մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ այս անգամ արդեն երաշխավորված պարտությամբ»:











