Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման է ներկայացվել «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մանրամասնեց օրինագծի դրույթները՝ նշելով, որ օրինագծով զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խաղաղ պայմաններում ենթարկվում է պաշտպանության նխարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատարին: Օրինագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորությունները, ըստ որոնց՝ պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Նշենք, որ ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 4 ժամ, իսկ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար՝ 3 ժամ տեւողություն:
ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 15, իսկ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 39 հարց:











