Բանակն առանձին եւ մեկուսի չի կարող զարգանալ։ Այդ մասին Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում կարդացած դասախոսությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեում նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ: «Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը եւ որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր եւ էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ»,- ասել է նախագահը:

«Մենք բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ բանակն առանձին եւ մեկուսի չի կարող զարգանալ, ուստի ժամանակին համընթաց պետք է քայլի մեր ողջ պետությունը: Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաեւ արդիականցվում է բանակը: Դա հնարավոր է, եւ մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը:

Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչեւ հրամանատար: Այստեղ մանրուքներ չկան եւ չպետք է լինեն: Ամեն ինչ կարեւոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարեւոր են»,- նշել է Սարգսյանը:

«Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում եւ պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում: Սպան եւ հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր եւ ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են»,- ասել է նախագահը:

Նա նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք բուժսպասարկման խնդիրներին: Նոր մակարդակի պետք է բարձրացվի այդ ոլորտի աշխատանքը:  «Ամիսներ անց Երեւանի պետական բժշկական համալսարանում իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար: Այն պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության եւ վերաինտեգրման միասնական հասցե:

Այսօր բավական լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի բժշկական կենտրոնների վիճակի առումով՝ թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլեւս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին եւ նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ նախագծման աշխատանքները: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն»,- ասել է նախագահը: