Մենք մինչեւ հիմա պահպանել ենք ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այդ մասին Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում կարդացած դասախոսությանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
«Պահպանելու ենք այսուհետ եւս: Չենք ներքաշվելու քանակական մրցավազքի մեջ, գերադասելու ենք որակական լուծումները: Փողն, իհարկե, կարեւոր է, բայց ավելի կարեւոր է խելքն ու ունակությունը: Մենք փողը ծախսելու ենք խելամտորեն, շարունակելու ենք այս երկուսի՝ փողի եւ խելամտության համադրումը»,- ասել է նա եւ հավելել. «Այն, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերի համար, այդ թվում` ֆինանսական միջոցները, առկա են եւ միշտ լինելու են: Բանակի համար ոչինչ չենք խնայելու: Ես դա խոստանում եմ»:
«Արդի բանակը, սակայն, առաջին հերթին հենց դուք եք` սպայակազմը: Առանց սպայակազմ՝ բանակ լինել չի կարող: Միայն սպաներից կազմված ստորաբաժանումներ կարող են լինել, բայց միայն զինվորներից բաղկացած ստորաբաժանումներ չեն կարող լինել: Առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում միանգամից հրամանատար է ջոկվում: Սա բոլորը պետք է գիտակցեն: Սա չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք մեր զինվորներին: Բոլորը պետք է գիտակցեն, որ հիմնական գործող անձը, բանակ ձեւավորողը սպան է»,- նշել է Սարգսյանը:
«Այս բոլոր բարեփոխումները կիրականան, եթե միայն ինքներս գտնենք փոխվելու եւ մեր շուրջը փոփոխության ձգտում սերմանելու կարողությունը: Սա էլ չափազանց կարեւոր հանգամանք է: Երեկ ես ոստիկանությունում հանդիպում եմ ունեցել եւ այդ հանդիպման ժամանակ կրկնել եմ այն, ինչ տարիների ընթացքում ասում եմ՝ եթե որեւէ կառույցի, որեւէ ստորաբաժանման, որեւէ հիմնարկի միջին եւ ստորին օղակները տեսնեն, որ այդ կառույցի, ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարությունը իրականության մեջ պայքարում է հոռի երեւույթների դեմ, որ նրա համար անընդունելի են այդ, երբ տեսնեն, որ ղեկավարությունը ձգտում է նորին, միշտ ձգտում է փոփոխվել այս արագ փոփոխվող աշխարհում, ապա այնտեղ գործերը կստացվեն: Բայց երբ ներքեւներում, միջին օղակներում տեսան, որ միայն իրենցից պահանջում են, այն էլ ձեւական, իսկ ղեկավարությունը դա չի անում՝ ոչ մի բան էլ չի ստացվելու: Եվ ես չէ, որ ձեզ պետք է ասեմ՝ չէ՞ որ, բանակում օրենք կա՝ արա՛ այնպես, ինչպես ես: Եթե հրամանատարը չի կարողանում կրակել, նա չի կարող ենթակային սովորեցնել ճիշտ կրակել: Սա ակնհայտ է:
Օրինապաշտ, հայրենասեր, հմուտ սպան ոչ միայն հաղթանակի, այլեւ մեր առօրյայի կռողն է: Ուստի, առաջին հերթին կոչ եմ անում հենց ձեզ. աչալուրջ լինել ձեր պարտականությունների կատարման ընթացքում, արմատախիլ անել կոռուպցիոն յուրաքանչյուր դրսեւորում, ճանապարհ հարթել երիտասարդ սպաների առաջընթացի եւ անցնցում սերնդափոխության համար:
Մեր զինված ուժերում պետք է ամրապնդվեն փոխադարձ հարգանքի եւ միասնության վրա հիմնված հարաբերությունները: Մեզ պետք է մեկ ընտանիքի շունչ ունեցող բանակ, եւ դրա հիմնական պատասխանատուները բոլոր մակարդակների հրամանատարներն են»,- նշել է նախագահը:











