Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու է ինքը վստահ, թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր խմբակցություններից կա դրական արձագանք:

«Ես եկել եմ հանրային քննարկմանը, նստել ու լուռ լսել եմ՝ մտածելով, որ իմ խոսելու հերթը կգա, թող հանրությունն իր տեսակետները ներկայացնի: Այժմ հարց՝ ի՞նչ դրական արձագանքի մասին էիք դուք խոսում»,- Վիգեն Սարգսյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարարը հստակեցրեց, որ իր ընկալումները ոչ թե հանրային լսումներից են, այլ խմբակցությունների հետ դեռեւս հունիսին կայացած հանդիպումներից:

«Երկար տարիների փորձս թույլ է տվել հանրային մի խումբ մարդկանց հետ շփումների մեջ գնահատել՝ իմ առաջարկը ընդունելի է, թե չէ, դրական արձագանք կա, թե բացասական: Ձեր խմբակցությունից ես մտահոգություն չեմ լսել: Դուք հիմա խոսում եք ՌԱՊԿ-ի մասին, բայց պարոն Փաշինյան, հրամանով կամ օրենքով շպագատ չի ստեղծվում, շպագատ անելու համար մարզվել է պետք, ՌԱՊԿ-ը զարգացնելու համար ջանք է պետք, թվերով չի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսին կայացած հանդիպմանը պաշտպանության նախարարը եկել էր «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ գրված երկու պարբերությամբ, մինչդեռ այսօր խորհրդարան են ներկայացրել ծավալուն մի նախագիծ:

«Դուք մեզ հետ շփման փորձ չունեք, էն «հավասար, զգաստ», «աջ, դարձ» կատեգորիայի մարդկանց հետ շփվում եք, այդ շփման փորձը մեզ վրա մի տարածեք»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

«Խորհրդարանականների հետ իմ փորձը սկսվել է 1992-1993թթ.-ից, շփման վերաբերյալ քիչ օրինակ կարող եք բերել, որ նախագիծը մինչեւ խորհրդարան տանելը քննարկվել է խմբակցությունների հետ: Ինձ սովորեցրել են, որ քաղաքական փաստաթուղթը պետք է լինի լավագույնը երկու էջի սահմանում, որն էլ ես արել եմ եւ ձեզ ներկայացրել եմ նախագծի կարեւորագույն դրույթները»,- արձագանքեց Վիգեն Սարգսյանը: