Արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց երեխաներն այսուհետ բանակից կազատվեն «պճեղի մենինգիտի» պատճառաբանությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տարկետման իրավունքը վերացնելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում Զինված ուժերի հետ հարաբերություններում կան երեք խումբ մարդիկ. առաջին խմբում մարդիկ են, որոնք Զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ, երկրորդ խմբում արտոնյալ մարդիկ են, որոնք դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, իսկ դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ մարդկանց կարեւոր գործիքներից մեկը բուհական համակարգն է իր կոռուպցիայով, թվում է՝ այս նախագծով խնդիրը լուծված է: Մինչդեռ ես պաշտպանության նախարարին հարցում էի ուղարկել ու ստացել եմ պատասխանը գաղտնի գրիֆի ներքո: Թվեր չեմ կարող ներկայացնել, բայց Հայաստանում ամեն տարի մեծ թվով մարդիկ են ազատվում բանակից: 100-ից 90-ն ազատվում է առողջության խնդիրների պատճառաբանությամբ եւ միայն 10-ը՝ ակադեմիական տարկետմամբ: 10-ից 5-ն արտոնյալ խմբի մարդկանցից են, 90-ից 45-ն ազատվում է կոռուպցիոն մեխանիզմներով: Ստացվում է՝ նախագծով խնդրին լուծում չի տրվում, որովհետեւ 90-ին մենք չենք կպնում, էդ 5-ը, որոնք ակադեմիական կեղծ ուսանողներ են եւ նրանցից մի մասի հայրերն այստեղ նստած են, պճեղի մենինգիտով կազատվեն բանակից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս օրինագիծն այն 5 անձի դեմ է, որոնք ուզում են արդար ազնիվ ձեւով ուսանել:
Խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ «Գեւորգյան ճեմարանի» ուսանողներն առանց բացառության տարկետում են ստանում, իսկ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից ընդամենը 1 կամ 2 ուսանող է տարկետում ստանում:
«Կարծես մեր կարեւորագույն հարցն է դարձել առաջնագծի օրհնությունը: Մենք հարց ենք բարձրաձայնում, նախարարն ասում է՝ Վեհափառի հետ կքննարկենք, ինչն անթույլատրելի է»,- նշեց Փաշինյանը:











