Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հարցուպատասխանին ներկա չէ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ներկա պահին ԵՏՄ միջկառավարական խորհուրդն է վարում Երեւանում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ քառօրյա նիստերի չորեքշաբթի ժամը 16,30-ին վարչապետը պարտավոր է լինել խորհրդարանում եւ մասնակցել հարցուպատասխանին:
«Այս դահլիճում հերյուրանքներ են տարածվում, թե վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր բացակայում է հարցուպատասխանից, ես չեմ կարող հավատալ նման սադրիչ լուրերի, ես նույնիսկ անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս, որոնք սխալ տեղեկատվություն են փոխանցում, որովհետեւ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ասվում է՝ Հայաստանն իրավական պետություն է, իսկ 80-րդ հոդվածն արձանագրել է՝ ՀՀ վարչապետն այսօր այս ժամին ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել, բացի խորհրդարանից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այնուհետեւ հեգնանքով հարց ուղղեց նիստերի դահլիճից բացակայող վարչապետին այնպես, կարծես հենց իր դիմաց կանգնած էր:
«Բարի երեկո, պարոն վարչապետ, ուրախ ենք այսօր ձեզ այստեղ տեսնել եւ ուրախ ենք, որ տեղյակ եք ձեր սահմանադրական իրավունքների մասին: Մամուլում լուրեր կան, որ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ դուք կլինեք փոխվարչապետ, Սերժ Սարգսյանը՝ վարչապետ: Ճի՞շտ են այդ տեղեկությունները, որովհետեւ դրանից է կախված՝ հիմա Դուք հիմա փոփոխությունների ավետաբե՞ր եք, թե՞ ճահճացման մունետիկ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը «ժամանակ տվեց» բացակա վարչապետին, ապա արձագանքի համար՝ Նիկոլ Փաշինյանին:
«Պարոն վարչապետ, հասկանում եմ, որ մտածելու կարիք ունեք, սիրով ժամանակ եմ տրամադրում, պատրաստվեք եւ հաջորդ անգամ պատրաստված եկեք»,- ասաց նա:
Նշենք, որ Փաշինյանի այս ելույթի ընթացքում դահլիճում ներկա գտնվող պատգամավորներն աշխուժացան եւ հեգնախառն արտահայտություններ էին լսվում վարչապետի հասցեին:











