Քաղաքական ահաբեկչությունը ցանկացած պետության համար հսկայական հարված է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին:
«Ցավոք, մեր երիտասարդ պետությունը ևս զերծ չմնաց այդ փորձությունից, որը իրենց պատմության մեջ տեսել են ամենատարբեր երկրներ՝ ԱՄՆ-ից մինչեւ Եգիպտոս, Հնդկաստանից մինչեւ Նորվեգիա», - նշեց նա:
«Ես դժվարանում եմ ասել, թե ինչ կփոխվեր, բայց վստահ եմ, որ եթե այսօր Վազգեն Սպարապետը լիներ, շատ հպարտ կլիներ այն առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել է Հայաստանի Հանրապետությունը, հպարտ կլիներ տեսնելու մեր բանակը, մեր զինված ուժերը: Իհարկե, մենք էլ շատ ավելի ամուր կզգայինք մեզ` ունենալով ազգային այդպիսի գործչի տեսլականը և մասնակցությունը մեր երկրի կայացման գործում, բայց պատմությունը եթե-ներ չի սիրում և պատմությունն այնպիսին է, ինչպիսին եղել է»,-ասաց նախարարը:
Հարցին, թե «Հոկտեմբերի 27»-ն ո՞ւմ էր ձեռնտու, քանի որ կան մի քանի վարկածներ, Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը վարկածներ չի մեկնաբանում. «Ես կարծում եմ, որ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն քննիչները, պետք է պարզաբանեն համապատասպան մարմինները: Հոկտեմբերի 27-ն ունեցել է այդպիսի փուլ իր վայրիվերումներով, և ես հիմքեր չունեմ չվստահելու մեր դատական համակարգի գնահատականին»:
Հիշեցնենք, որ 18 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:











