Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, հարցաքննվեց դատաձգաբանական փորձագետ Արթուր Հասրաթյանը: Նա նշեց, որ «Իգլայի» խողովակը համալրելու դեպքում է միայն հնարավոր այն կիրառել ըստ նշանակության:

Սամվել Բաբայանի հարցին՝ արդյոք գտնված խողովակը կարող է համարվել ռազմամթերք, փորձագետը պատասխանեց. «Արձակման խողովակը հրթիռով մինչեւ համալրելը այն ռազմամթերք է համարվում, համալրելուց հետո՝ սպառազինություն: Տվյալ դեպքում այն չի ունեցել հրթիռ, արձակման մեխանիզմ, վերգետնյա սնուցման բլոկ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք այն իրենից վտանգ ներկայացնում է, փորձագետը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն պայթունավտանգ նյութեր է պարունակում, կա վտանգ, որ հրդեհ կարող է առաջանալ, նաեւ ուժգին հարված կարող են հասցնել դրանով:

Փորձագետի հարցաքննությունից հետո, դատարանն անդրադարձավ ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Դատարանը նշեց, որ միջնորդությանը կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս՝ ապացույցների համադրման պատճառաբանությամբ: 

Որից հետո Սանասար Գաբրիելյանը դժգոհություն հայտնեց՝ նշելով, ինչու են գործով մեղավորներին ազատ արձակել, իսկ իր մասով միջնորդությունները մերժում. «Հրաչյա Մայիլյանին, Ռոբերտին ազատ եք արձակել, գործով երկու նիգաձյայներին ձեռքերով ծածկում են»:

Այնուհետեւ հարց ուղղեց մեղադրող Արամ Արամյանին՝ ձեր մադրիկ են, դրա համար եք թաքցնու՞մ, որին մեղադրողը պատասխանեց. «Չէ, ձեր մարդիկ են»:

Այնուհետեւ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդություն ներկայացրեց Հրաչյա Մայիլյանի հեռախոսազանգերի գաղտնալսումները դատարանում հետազոտելու վերաբերյալ. «Հասկանանք, ինչո՞ւ են լրիվ այլ քրեական գործը կարճելուց  4 տարի անց որոշում կայացնում գաղտնալսում իրականացնելու եւ ինչ կապ ունեն նրա հեռախոսազանգերն այս գործի հետ»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: