Արմավիր քաղաքից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մանկապարտեզի շենքում այս պահին պատանդառուի մոտ գտնվող 3-ամյա երեխայի վիճակը նորմալ է, որեւէ վնասվածք չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են քիչ առաջ «Մանուշակ» մանկապարտեզից դուրս եկած քաղաքացիները: Հարցին՝ մանկապարտեզում վիրավորներ կա՞ն, նրանք հրաժարվեցին որեւէ բան ասել: Նրանց խոսքով, երեխան դեռ պատանդառուի մոտ է, իրավիճակը վերահսկվում է ոստիկանների կողմից:
Ներսում է գտնվում շտապօգնության բրիգադը, պատանդառուի հետ բանակցություններ է վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ըստ տեղեկությունների, շտապօգնության բժիշկները պատգարակով մտել են մանկապարտեզի շենք, ըստ ոստիկանության, վիրավորներ չկան:
Նշենք, որ մանկապարտեզի շենքում այս պահին պատանդառուի հետ գտնվում է 3 տարեկան երեխա:
NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը վնասել է նախկին կնոջը եւ զոքանչին, նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն, ոստիկանությունից այս տեղեկությունը հերքում են: Ըստ նախնական տեղեկությունների, նա կնոջը վնասել է մանկապարտեզի մուտքի մոտ: Նախնական տեղեկություններով տղամարդը ալկոհոլի ազդեցության տակ է, նա 35-40 տարեկան է:
Մանկապարտեզի մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիենր, նրանց թվում են աշխատակիցների հարազատները, որոնք պնդում են, որ իրենց աշխատակից հարազատները դեռ տուն չեն վերադարձել, նրանք մտավախություն ունեն, որ մանկապարտեզի շենքում են գտնվում: Սակայն, ոստիկանությունից հայտնում են, որ պատանդառուի մոտ միայն 3-ամյա տղան է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին եւ դաստիարակներին: Տղամարդը պահանջում է հանդիպում նախկին կնոջ եւ երեխայի հետ:











