Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կրկին վատացավ դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մոր ինքնազգացողությունը, նրա համար «Շտապօգնություն» հրավիրեց դատարան:
Այսօրվա դատական նիստում շարունակվեց սպանված Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի, հարցաքննությունը: Նա կրկին պատմեց, որ տեսել է՝ ինչպես են որդու վրա հարձակվել սկզբում երեք անձ, այնուհետեւ նրանց եւս 3-ն են միացել: Էմմա Աբրահամյանը նորից նշեց, որ որդուն դաժանաբար ծեծել են, ապա նրանցից մեկը բութ գործիքով հարվածել է որդուն: Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել 77-ամյա Էմմա Աբրահամյանի աչքի առջեւ: Հարցաքննության ժամանակ մի քանի անգամ Էմմա Աբրահամյանը խնդրեց դատարանին պահանջել պաշտպանական կողմից նույն հարցը տարբեր ձեւակերպումներով չտալ: Էմմա Աբրահամյանը հարցաքննվելիս պարբերաբար հանգստացող դեղեր էր խմում, սակայն, 40 րոպե անց նրա վիճակը վատթարացավ: Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում էլ տարեց կնոջ համար «Շտապօգնություն» հրավիրվեց դատարան:
Նշենք, որ արդեն մի քանի նիստ է՝ հարցաքննվում է տուժող Էմմա Աբրահամյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:











