Արմավիրի մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած եւ նախկին կնոջը՝ 23-ամյա Լիլիթին դանակի հարվածներ հասցրած Արգամ Հովիկյանը նախկինում էլ է հարձակվել նրա ընտանիքի վրա։ Լիլիթի հայրը՝ Էդգար Հովհաննիսյանը, պատմում է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Արգամը մահակով հարձակվել էր Լիլիթի եւ նրա ծնողների վրա։

Նույն օրը երեկոյան էդգարը, կինն ու ծնողները նստած էին եղել բակում, երբ Արգամը մոտեցել էր նրանց, վիճել եւ սկսել սպառնալ։ Նա մահակով հարվածել էր Էդգարի մոր գլխին եւ Էդգարի ուսին։ Պաշտպանվելիս Էդգարը պլաստմասսայից արկղով հարվածել էր նրան։

Դրանից հետո Էդգարը բողոք էր ներկայացրել ոստիկանություն, անգամ հեռախոսով ուղարկած սպառնալիքներով հաղորդագրություններն էր ներկայացրել։ Սակայն ոստիկանության կողմից արժանի ուշադրություն գործը չէր ստացել։

«Ես հարցրի՝ միթե նրանք տեղից շարժվելու են միայն այն ժամանակ, երբ Արգամն, իրոք, հարազատներիցս մեկին սպանի»,- վրդովմունք է հայտնում Էդգար Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Արգամն ինքը պնդում էր, թե ոստիկանությունից չի վախենում, քանի որ կաշառք է տվել։

Ավելին՝ Էդգարը պատմում է, որ սա միակ դեպքը չէ, երբ ոստիկանությունն անուշադրության է մատնել նախկին փեսայի դեմ իր դիմումները։ Մի քանի ամիս առաջ Արգամը Լիլիթի անունով վարկ էր ձեւակերպել, երբ նրանք դեռ ամուսնալուծված չէին։ Լիլիթն աշխատում է մանկապարտեզում եւ 68 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Նրան ասել էին, թե վարկը ձեւակերպվելու է աշխատավարձի հիման վրա, բայց իրականում Արգամն ու նրա ընկերները, աղջկա հոր խոսքով, կեղծ փաստաթղթեր էին պատրաստել, որոնց համաձայն՝ Լիլիթն իբր թե ինչ-որ «Զաքար» ՍՊԸ-ում է աշխատում եւ 297 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Այդ վարկը՝ տոկոսներով հանդերձ, ստիպված էին Լիլիթի ծնողները վճարել։

Մայիսի 4-ին, Էդգարի պատմելով, ինքը ոստիկանություն էր դիմել եւ հայտնել կատարվածի մասին, բայց մինչեւ հիմա գործը բացահայտելու ուղղությամբ ոչինչ չի արվել։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում Արգամը լոմբարդ էր հանձնել վերջերս 11 հազար դոլարով գնած Էդգար Հովհաննիսյանի մեքենան։ Այստեղ Արգամը նույնպես պարտքերը չէր մարում, ինչի արդյունքում մեքենան վաճառվել էր 3800 դոլարով։

«Ես երեք տարի աշխատել եմ, կոպեկ-կոպեկ հավաքել, որ առնեմ այդ մեքենան։ Իսկ նա տարավ ու մեկ վայրկյանում լցրեց խաղային ապարատի մեջ»,- ասում է Էդգարը։

Նրա խոսքով՝ հենց Արգամի խաղամոլության վրա են ծախսվել լոմբարդից վերցրած գումարներն ու վարկը։ Ավելին՝ հարսանիքի 3-րդ օրը Արգամը լոմբարդ էր տարել բոլոր ոսկյա զարդերը, որոնք նվիրել էին հարսանիքին։ Ստացված գումարը նա նույնպես խաղատանն էր ծախսել։

Երբ էդգարը Արգամի հորը բողոքել էր, նա ասել էր, թե իրենք նույնպես լավ օրեր չեն քաշել որդու պատճառով։ Տղան վաճառել էր հայրական տունը 28 հազար դոլարով եւ գումարը տանուլ տվել։ Դրանից քիչ անց, երբ նրա ծնողներին տանից դուրս էին հանել, Արգամի մոր մոտ ուղեղի քաղցկեղ էին ախտորոշել, որը կարճ ժամանակում կնոջը մահվան դուռն էր հասցրել։

«Արգամի հայրն ինձ ասաց՝ նա մարդ չէ, սրիկա է։ Մեղք է աղջիկդ, տա՛ր նրան։ Ես չեմ ուզում, որ իմ երեխայի կյանքը կապված լինի խաղամոլի ու հարբեցողի հետ»,- ասում է Էդգարը, ով վստահ է, որ եթե ոստիկանությունն ուշադիր լիներ իր դիմումների նկատմամբ, հնարավոր է, որ երեկվա միջադեպը տեղի չունենար։

«Նա դանակով կտրել էր մորս վիզը, վնասել ականջը, դստերս վիզն ու ձեռքը, 2 անգամ էլ կրծքին էր խփել։ Եթե օրենք կա, մենք ուզում ենք տեսնել, ոնց է այն գործում։ Իսկ եթե չկա, ավելի լավ է, հավաքվենք գնանք այնտեղ, որտեղ այն կա»,- ասում է աղջկա հայրը։