«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների ձեւակերպումներ կփոխվեն, սակայն օրենքը հետ չի կանչվի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այս օրենքն արժանացավ բուռն արձագանքի, որի հիմքը հետեւյալն է. օրենքը չի կարող մեկնաբանվել ոչ ողջամիտ: Բերեմ օրինակ: Այս օրենքում նշված էր հետեւյալ ձեւակերպումը. «անձին ազատությունից ապօրինի զրկելը» եւ տարբեր մեկնաբանություններ հնչեցին, թե եթե երեխային թույլ չենք տա տնից դուրս գալ, արդյոք սա անձին ազատությունից ապօրինի զրկել չէ եւ այլն: Ներողություն այդ խոսքիս համար, երբեմն այդ քննարկումները հասնում էին աբսուրդի: Նույն քրեական օրենսգրքում առկա է բացարձակապես նույն ձեւակերպմամբ հոդված, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձի համար, որը ուրիշ անձի ապօրինի զրկում է ազատությունից: Ինչո՞ւ պետք է սա քննարկվի ողջամտորեն, իսկ մյուս դեպքում՝ ոչ: Քանի որ մեկն արդեն մտահոգված է, այս բուռն քննարկման ժամանակ դժվար է փարատել նրանց մտահոգությունները, ուստի որոշ ձեւակերպումներ փոխելով փորձում ենք ցույց տալ, որ մտահոգությունը տեղին չէ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս պահին որոշակի աշխատանքներ են կատարվում, որ փարատվեն կասկածները, մտահոգությունները:
Դիտարկմանը, թե իրենց չի՞ հաջողվել փարատել ՀՀԿ-ականների մտահոգությունները, քանի որ, օրինակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակում է պնդել, որ այդ օրինագիծը խարխլում է ավանդական ընտանիքի հիմքը, նախարարն արձագանքեց. «Յուրաքանչյուրի կարծիք ունենալու իրավունքը հարգում եմ, բայց եթե համոզվեք, որ փարատվել են... աշխատանքի մի մասը ավարտել եմ, այն ամբողջությամբ կներկայացնեմ իմ գործընկերներին, նոր կհարցնեք՝ փարատել եմ, թե ոչ»:
Նշենք, որ հիշյալ օրենքի նախագիծը հատկապես բուռն քննարկման էր արժանացել ՀՀԿ-ականների շրջանակում: Նրանք դեմ են օրենքի մի շարք դրույթների եւ սպառնացել են ՀՀԿ-ի հրավիրած նիստում դեմ քվեարկել, եթե այդ տեսքով բերվի ԱԺ եւ դրվի քվեարկության:











