Ընտանեկան բռնության դեմ պայքարը ոչ թե եվրոպական երեւույթ է, այլ համաշխարհային: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումներին:
«Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները, բացառությամբ երեքի, ստորագրել են առնվազն Ստամբուլյան կոնվենցիան՝ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, բայց կարծում եմ՝ հիմնավորումներ կան: Ինչո՞ւ ոչ բոլորը, այո մասամբ քաղաքական հիմնավորումներ են, սակայն որոշ դեպքերում էլ դա անցումային շրջանի հետ է կապված, որովհետեւ երկիրը մինչեւ վավերացնի, երկրի օրենդրությունը պետք է համապատասխանեցնի այդ կոնվենցիային, ինչը մեծածավալ աշխատանք է: Ինչ վերաբերում է Եվրոպայի ընդհանուր մոտեցմանը, ես բազմիցս նշել եմ, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը ոչ թե եվրոպական երեւույթ է, այլ համաշխարհային երեւույթ է, եւ դա չի սահմանափակվում զուտ Եվրոպայում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բացի Ստամբուլյան կոնվենցիայից, որը մշակվել է Եվրոպայի խորհրդի կողմից եւ ներկայացվել, ունենք ՄԱԿ-ի շրջանակում եւս մի շարք կոնվենցիաներ գործիքներ, կոմիտեներ, որոնք կարող են քննել երկրների դեմ ներկայացված բողոքները:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է նախադեպային իրավունք, ըստ որի երկրները պատասխանատու են, անկախ նման օրենք ունենալուց, ստորագրենք Ստամբուլյան կոնվենցիան, թե ոչ, ընտանեկան բռնության դեպքերը, որոնց պարագայում երկիրը չի կատարել իր պարտականությունը պաշտպանելու զոհին, այդ երկրները պատասխանատու են: Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք ու պարտավոր ենք կատարել դատարանի որոշումները: Չեմ ուզում, որ խնդիրը դարձնեն Եվրոպայի հետ հարաբերությունների հենք: Սա մեր պարտականությունն է վաղուց եւ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ստորագրել ենք՝ սկսած 93 թվականից»,-ասացէ արդարադատության նախարարը:
Նշենք, որ հիշյալ օրենքի նախագիծը հատկապես բուռն քննարկման էր արժանացել ՀՀԿ-ականների շրջանակում: Նրանք դեմ են օրենքի մի շարք դրույթների եւ ՀՀԿ-ի հրավիրած նիստում սպառնացել են դեմ քվեարկել, եթե այդ տեսքով բերվի ԱԺ եւ դրվի քվեարկության:











