Մենք սարից իջած վայրենիներ չենք, որ պետք է տղամարդը կնոջը ծեծի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին:

Նա շարունակում է պնդել, որ օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր, հավելելով, որ քննարկումները օրենքի շուրջ շարունակվում են, որպեսզի օրենքը բերվի ցանկալի տեսքի:

«Այնպես չէ, որ միայն Հանրապետականն է մտահոգություն հայտնել, լսումների ժամանակ առնվազն  2 այլ խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք իրենց մտահագություն են հայտնել:  Ես զարմանում են, որ դուք զարմանում  եք, որ կա մտահոգություն»,- ասաց նա:

Շարմազանովը նկատեց, որ օրենքում հստակություն չկա, թե ինչ է նշանակում տնտեսական,  հոգեբանական բռնություն, որոշակիություն չկա նաեւ ապաստարանների մասով:

«Կան ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ, հազար ու մի պրոբլեմ կա: Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք ու մեկ անգամ  չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Եթե մարդիկ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2016 թվականին նոյմեբերի 26-ի ՀՀԿ-ի համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ  մեր պետության հիմքն  ավանդական հայակական ընտանիքն է:  Բոլոր այն կետերը, որոնք խնդրհարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերնայել»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով, հայկական ավանդական ընտանիքն, իրականում, ծեծ ու ջարդը չի. «Ո՞ր նորմալ մարդն է ծեծ ու ջարդի, բռնության կողմնակից, մենք բոլորս բռնությանը դեմ ենք»:

Հարցին, թե Դուք այս տեսքով դե՞մ կքվերակնեք օրենքին, Շարմազանովը պատասխանեց, թե ինքը խնդրահարույց դրույթներ է տեսնում, իսկ մնացածը կորոշվի քննարկումների արդյունքում:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ այս օրենքը ԵՄ պահանջն է, եւ ՀՀԿ-ն չի կարող դեմ գնալ ԵՄ պահանջին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց. «Կարծում եմ՝ այս օրենքը բարեփոխվելու է, իսկ ես իմ մի ձայնի տերն եմ»:

Շարմազանովի կարծիքով, անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել օրենքի  սոցիալական անհարժեշտությունը՝ հասկանալու, թե արդյոք այս օրենքի անհրեժշտությունը կա. «Մենք սրանով ֆիքսում են, որ ընտանիքում կա բռնություն, ինչու ենք  գրում ընտանեկան բռնություն, կարելի է գրել ընտանիքում բռնություն: Եթե բռնությունը է, պետք է դատապարտվի, նենց չլինի, որ մենք սարից իջած վայրենիներ ենք եւ ասում ենք, որ, այո՛, պետք է տղամարդը կնոջը ծեծի, ծնողներն էլ՝ երեխաներին»:

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե ՀՀԿ-ականներից ոմանք «քֆուր են կերել», որ այդ օրինագիծը չի ընդունվի, Շարմազանովն ասաց. «Դրանք պրիմիտիվ խոսակցություններ են, ի՞նչ է նշանակում քֆուր է կերել։ Մենք պարզապես ասում ենք, որ օրենքի նախնական տարբերակում կան անընդունելի կետեր»: