Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դատապարտում է, որ Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմը քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան տարեդարձը վերածում է շոուի: Այս մասին Վահե Հակոբյանը հայտարարեց այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Սիսիանի քաղաքապետի  ծննդյան օրը նշելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին:

«Այդ տեսանյութը վեց ամսվա վաղեմություն ուներ, իր աշխատակազմի մտահղացումն էր, ուզում էին սյուրպրիզ անել քաղաքապետին եւ տեղադրել էին համացանցում: Դրանից առաջ ինչո՞ւ ԲՀԿ-ն չէր բարձրաձայնում դրա մասին»,-ասաց մարզպետը:

Հարցին՝ եթե իրեն այդպիսի «սյուրպրիզով» դիմավորեին, կշոյվե՞ր, Վահե Հակոբյանը պատասխանեց. ««Ոչ կշոյվեի, ոչ էլ կուրախանայի, խիստ կդատապարտեի,  ճիշտ հասկացեք՝ մարդիկ ցանկանում էին ուրախացնել: Ես իմ աշխատողների վրա մատ թափ կտայի»:

Նշենք, որ  վերջերս համացանցում էր հայտնվել Սիսիանի քաղաքապետ, քաղաքապետի միակ թեկնածու Արթուր Սարգսյանի ծննդյան տոնակատարության տեսանյութը, որտեղ քաղքապետին աշխատակազմը դիմավորել էր նրա պատկերով շապիկներով, հրավառությամբ եւ այլն: