2018 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրվող ծախսերը նվազել են 362 մլն դրամով, մինչդեռ ժողովրդի սոցիալական վիճակն օրեցօր վատթարանում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատագմավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Արդոք սա չի հակասում Սահմանադրության այն դրույթին, որի առաջին հոդվածը նշում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է: Ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծագույն արժեքը մարդն է, բայց նվազեցնում ենք այդ թիրախը ապահովելու ծախսերը», - նշեց պատգամավորը՝ դիեմլով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Վերջինս իր խոսքում նշեց, որ Սահմանադրության հետ հակասություն չի տեսնում, իսկ նախորդ տարվա համեմատ հատկացումների 0,1 տոկոսն է ընդամենը նվազել:
«Եթե պատկերացնենք, որ սոցիալական ծախսերով է մարդու իրավիճակը բարելավվում, դատապարտված կլինենք ձախողման: Հիմա դուք ասում եք վատացել է մարդկանց սոցիալական վիճակը՝ ես էլ կհարցնեմ՝ ինչո՞վ է վատացել։ Ձեր դիտարկմանը, թե մեկը, ով կարող է պնդել, որ վիճակը չի վատթարացել, ուրեմն ոչ թե ապրում է Հայաստանում, այլ պարզապես գտնվում է այստեղ: Կարող եմ ասել, որ գործազրկությունն այս տարվա առաջին կիսամայում եթե 19 տոկոս էր, ապա հիմա դարձել է 17.8 տոկոս։ Ակտիվ բնակչության թիվն աճել է։ Այն մարդիկ, ովքեր առաջ աշխատանք չուենին եւ հիմա աշխատանք ունեն, իրենց համար սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել։ Միայն պնդումը, որ վատացել է, ավելի շատ իր մեջ էմոցիա է պարունակում, քան՝ հիմանվորում, որովհետեւ հիմնավորում են թվերը», -ընդգծեց փոխնախարարն ու հավելեց. ««Սոցիալական պաշտպանության բաժնի ծախսերով հնարավոր չէ դատողություն անել, թե ուր ենք գնում։ Նայեք գյուղատնտեսության բնագավառին, այնտեղ 4 մլրդ-ով աճել է, դա էական կշիռ ունի, դա նպաստելո՞ւ է սոցիալական վիճակի լավացմանը, թե՞ ոչ»:
Գեւորգ Պետրոսյանը պնդեց, թե, իհարկե, գնալով վատթարանում է իրավիճակը, քանի որ օրեցօր գնաճն ավելի է նկատվում, իսկ կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում. «Բյուջեն պետք է արտահայտի առաջին հոդվածը, որ սոցիալական պետություն ենք: Ես համեմատեմ ընտանիքի հետ. ձեր մոտեցումը նույնն է, որ ընտանիքի հայրը կանգնի ու հայտարարի, որ մենք մյուս տարի բնակարանը պետք է վերանորոգենք, հետեւաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ հագուստ գնենք: Սա ի՞նչ մոտեցում է։ Շեշտը դնել միայն մի ուղղության վրա, չի կարելի»:
Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի տրամաբանության հետ, բայց ոչ հետեւությունների. «Մենք ամենալավ փոխզիջումն ենք գտել, տնտեսության տարբեր ոլորտների ու հանրության տարբեր շերտերի համար, եւ դա արտահայտել բյուջեում»:











