Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր՝ նոյեմբերի 6-ին, դատաքննության փուլն ավարտվեց: Մեղադրող Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց ԱԱԾ-ից վերցրած տեղեկանքը, որով, ապացուցվում է այն, որ գործով վկա Աշոտ Շուշանյանը դատարանում սուտ ցուցմունք է տվել այն մասին, թե հարցաքննության օրը տեւական ժամանակ նրան ԱԱԾ շենքում են պահել: Որից հետո ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն հայտարարություն արեց՝ նշելով, որ մեղադրողի այդ տեղեկանքը ոչինչ չի կարող ասել, նրա խոսքով, ԱԱԾ-ում 10 րոպե կամ մի ամբողջ օր մնալու միջեւ տարբերություն չկա, քանի որ այնտեղ շատ կարճ ժամանակում էլ են հասցնում մարդկանց վախեցնել եւ ստանալ այն ցուցմունքը, որն իրենց պետք է:
«Ասում են՝ դու գիտես պարոն Աշոտ որտեղ ես գտնվում, ասում է հա, ասում են, դե որ գիտես հիմա ինչ ասում եմ էդ գրի, թե չէ ամբողջ կյանքում կմնաս էս շենքում: Աշոտն էլ մեր գյուղի Աշոտն է, իրեն շատ հեշտ է վախեցնել,: Հիմա ի՞նչ է փոխվելու՝ ինչքան ա էդ շենքում մնացել: Մենք չգիտե՞նք, թե ԿԳԲ-ն ինչով է զբաղված»,-ասաց նա:
Սանասար Գաբրիելյանը նշեց, որ այս գորրծի շրջանակներում ԱԱԾ-ում փորձել են իրեն եւս վախեցնել. «Էջմիածնում 2009թ. սպանություն է կատարվում, ես գտնվել եմ Սիբիրում էդ ժամանակ, կանչում են ինձ ասում՝ 2009թ. սպանություն է եղել Էջմիածնում, նայի, եթե Սամվել Բաբայանի հետ դու գործ չունես, ուրեմն էս սպանությունն էլ ա քոնը, էս ո՞նց հասկանամ»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:











