Հայաստանում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզի երկու համայնքներում հաղթել են ԲՀԿ-ի թեկնածուները:
Մասնավորապես, Բյուրեղավան համայնքում հաղթանակ է տարել միակ թեկնածուն՝ ԲՀԿ-ական Հակոբ Բալասյանը, ով ստացել է 8773 ընտրողներից միայն 3 235-ի ձայները:
ԲՀԿ-ն հաղթել է նաեւ նույն մարզի Ակունք համայնքում, որտեղ 3 397 ձայնով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար և միակ թեկնածու Հունան Ռուբենյանը: Այդ համայնքում ընտրողների թիվը 7064 է, նրանցից 211-ը դեմ է քվեարկել միակ թեկնածուին:
Կոտայքի մազրի Եղվարդ համայնքում 19 090 ընտրողներից քաղաքապետի միակ թեկնածու Նորայր Սարգսյանի օգտին քվեարկել է 8 339 ընտրող:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում առաջադրված երկու թեկնածուներից հաղթել է Կառլեն Հովհաննիսյանը՝ ստանալով 1 876 քվե, իսկ նրա մրցակից Սամվել Մկրտչյանը՝ 626 քվե:
Իսկ Ջրվեժ գյուղում միակ թեկնածու Ռոբերտ Պետրոսյանը ստացել է 8 125 ընտրողներից միայն 2 842-ի կողմ ձայները:
Նշենք, որ Կոտայքի մարզպետը Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Հայաստանի 69 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է 243 335 ընտրող, կամ` ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ըստ նախնական արդյունքների, որպես կանոն ընտրվել են ՀՀԿ-ի թեկնածուները, իսկ որոշ համայնքներում ինքնաառաջադրված թեկնածուները:
Մասնակցության ամենաբարձր՝ 78.33 տոկոս ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում: Իսկ ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 տոկոս, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում:
Նշենք, որ ընտրությունների 5-րդ օրը՝ նոյեմբերի 10-ին, կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները:











